Այս տարի կլրանա 8-րդ տարին, ինչ Լոռվա Դսեղ գյուղում կազմակերպվում է «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը: Փառատոնը կյանքի է կոչվում Համաշխարհային միջազգային տիկնիկային գործիչների միության հայաստանյան մասնաճյուղի ջանքերով, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ:
Այս տարի էլ թատրոնի սիրահարներն ու փոքրիկները կարող են մեկ շաբաթ անընդմեջ ներկա գտնվել տեղի, ինչպես նաեւ արտասահմանից ժամանած տարբեր թատերախմբերի ներկայացումներին: Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին:
Փառատոնին ընդառաջ զրուցեցիք Համաշխարհային միջազգային տիկնիկային գործիչների միության Հայաստանյան մասնաճյուղի անդամ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասան, ռեժիսոր Արմեն Բարսեղյանի հետ: Վեջինս նշեց,որ այս տարի փառատոնի ծրագիրը ենթարկվել է որոշակի փոփոխության: «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնի մեկնարկը կտրվի Դսեղում, սակայն այս անգամ փառատոնի շրջանակներում ներկայացումներ կկազմակերպվեն նաեւ Վանաձորում:
-Մենք ցանկացանք, որ Վանաձորի երեխաներն էլ ինչ-որ չափով օգտվեն փառատոնից: Եւ Վանաձորում եւս սեպտեմբերի 7-14-ը մասնակից թատերախմբերը կկազմակերպեն ներկայացումներ: Մեր մանուկների համար հրաշալի ներկայացումներ են պատրաստվում,-նշեց Արմեն Բարսեղյանը, հավելելով, որ փառատոնն ունի դաստիարակչական, ուսուցողական նշանակություն: Իսկ առավելություններից մեկն այն է, որ անց է կացվում Երեւանից դուրս՝ մարզերի երեխաների համար:
-Փառատոնը հրաշալի նախաձեռնություն է, եւ տա Աստված, որ այս փառատոնը երկար տարիներ կազմակերպվի: Փառատոնի առավելություններից մեկն այն է, որ այն ապակենտրոնացած է: Փառատոնին մասնակցում են Լոռու մարզի երեխաները: Դսեղ են գալիս տարբերի գյուղերից մանուկներ: Եղել են նաեւ երեխաներ, որ եկել են փառատոնին եւ այդտեղ են առաջին անգամ ներկայացում տեսել: Այսինքն՝ երեխաներն առնչվում են արվեստի հետ, իսկ հետագայում կառնչվեն արդեն թատրոնի հետ,-նկատեց Ա. Բարսեղյանը:
Փառատոնի ընթացքում ժյուրին կընտրի լավագույն խմբերին՝ 9 անվանակարգերում: Կլինեն նաեւ այլ մրցանակներ: Ա. Բարսեղյանը նշեց նաեւ, որ ցանկության դեպքում տարբեր կազմակերպություններ եւս կարող են մրցանակներ շնորհել խմբերին: Վանաձորում օրական նախատեսվում է 2 ներկայացում, իսկ Դսեղում՝ 3: Մուտքը կլինի անվճար:
Комментариев нет:
Отправить комментарий