Ավտոկայան, Սավոյան, Անտառավան…քաղաքից կտրված,ծայրամասային ու տնակներով բնակեցված թաղամասերի շարքը միայն այսքանով չի սահմանափակվում…Գյումրու ցանկացած հատվածում, այդ թվում կենտրոնում, աղետից 25 տարի անց դժվար չէ տնակներ ու դրանցում բնակվող աղքատ ընտանիքներ գտնել, որոնց համար մտածմունքը օրվա հաց հայթայթելն է, նպատակը ՝ տնակներից հեռանալն ու ի վերջո մարդկային պայմաններում ապրելը:
-Մի բարակ անձրեւ գա, կռիշից սաղ ջուրը տունը կլցվի, անտանելի վիճակ է,- տնակի՝ անձրեւաջրերից կորացած ու կախված փայտե առաստաղը մատնացույց անելով՝ ասում է Սավոյան թաղամասի՝ 78-ամյա բնակիչ Վարդուշ տատը:- Կռիշը պիտի փոխվի, կխելռինք արդեն: Գիշերը հանգիստ քնել չունինք, հենց սկսում է ամպել, ամաներն ու տաշտերը վերեւից վար պիտի շարենք:
Նման իրավիճակի կարելի է հանդիպել ցանկացած տնակում: Գարնան ու աշնան ամիսներին անձրեւաջրերի եւ դրանց դեմ պայքարի հաղթարշավն է սկսվում, ձմռանը ձյունապատ ու անացանելի փողոցներն հաղթահարելու հմտություներ են պահանջվում, ամառանն էլ՝ գարշահոտություննից ու փոշուց պաշտպանվելու համար շնչադիմակների պահանջարկն է մեծանում: Այս ամենին զուգահեռ՝ նաեւ աղքատություն, թշվառություն, գործազրկություն…
Տիկին Վարդուշը որդու ու երկու թոռների հետ երկրաշարժից հետո ապրում է Սավոյան փողոցի երկու սենյականոց կոչվող տնակում, որտեղ մի սենյակը միաժամանակ ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջարան, իսկ պետք եղած դեպքում՝ նաեւ հյուրասրահ: Պատերի փայտյա ծածկույթը քանդելու հետեւանքով մյուս սենյակն այժմ միայն որպես խոհրդանոց է ծառայում, ուր անկանոն դրված էին գույնզգույն տաշտեր, ձմեռվա վառելափայտ: Ընտանիքը գրանցված է անօթեւանների
հերթացուցակում եւ մեկ սենյականոց բնակարանի շահառու է ճանաչվել է, իսկ թե բնակարան երբ ես ստանալու, բոլորի պես իրենք էլ չգիտեն:
- 3 տղա երեխա են, որ նշանվեն, ինչըղ պիտի լինի: Չորսս էլ էստեղ ենք քնում,- ցույց տալով իրար կողք շարված մահճակալները՝ շարունակում է Վարդուշ տատը, ու հպարտանում, որ արդեն 22 տարի թոռներին ինքն է պահում. «Ամեն ինչ էլ անում եմ, լավ նայում եմ թոռներիս, մենակ ճնշում ունեմ ու ականջներս արդեն լավ չեն լսում: Լվացքը ձեռքով եմ անում, ջուր եմ բերում, ամեն ինչ էլ անում եմ»:
Տղան հաշմանդամության թոշակ է ստանում, իսկ բանակից վերջերս զորակոչված թոռները գործազուրկ են, հիմնական աշխատանք գտնել ոչ մի կերպ չի հաջողվում, մանր-մունր գործեր լինում է, անում են:
Վարդուշ տատը հիմա մի երազանք ունի՝ տեսնի իր ձեռքերով մեծացրած թոռների հարսանիքն ու նաեւ որդու ընտանիքը՝ կեցության տարրական պայմաններում ապրելիս, ասել է թե՝ տնակներից դուրս, առանց անձրեւաջրեր դեմ պայքարի, առանց հարեւան թաղից ջուր կրելու:
Комментариев нет:
Отправить комментарий